Բաժին. Տնտեսական

Ավարտվել է Հայաստանում շուկայի վերահսկողության համակարգի բարելավմանն ուղղված ԵՄ Թվինինգ ծրագիրը

Տեղի է ունեցել «Շուկայի վերահսկողության պետական տեսչության ներդաշնակեցում միջազգային/ԵՄ ստանդարտների հետ և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» Թվինինգ ծրագրի պաշտոնական փակումը:

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ այս Թվինինգ ծրագիրը օգնել է Հայաստանի շուկայի վերահսկողության համակարգի արդիականացմանը`  համապատասխանեցնելով այն միջազգային ստանդարտներին և ընթացակարգերին: Առավել ակնառու ձեռքբերումներն են՝

– Հայաստանի օրենսդրությունը ավելի մոտարկված է միջազգային պրակտիկային և ժամանակակից ապրանքներին բնորոշ դիրեկտիվներին,

– մշակվել և ներդրվել են ստուգումների անցկացման և ուսումնասիրությունների ընթացակարգերը շուկայի վերահսկողության և սպառողների պաշտպանության գործառույթների իրականացման համար,

– պետական տեսչության աշխատակիցներին մատուցվել է ուսուցում վերահսկողության ժամանակակից մեթոդաբանության ոլորտում,

– իրականացվել է հասարակական և մասնավոր հատվածների իրազեկման արշավ շուկայի վերահսկողության և սպառողների պաշտպանության առնչությամբ,

– գործարարները և սպառողական ՀԿ-ները ներգրավվել են ծրագրի իրականացման գործընթացում և համագործակցել են Շուկայի վերահսկողության պետական տեսչության հետ սեմինարների և համաժողովների ընթացքում,

– տեսչության համար մշակվել է ժամանակակից տվյալների բազա,

– սպառողների համար գործում է  թեժ գիծ:

ԵՄ ստանդարտների հետ ներդաշնակեցում և Շուկայի վերահսկողության տեսչության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում ԵՄ Թվինինգ ծրագիրը ֆինանսավորվել է ԵՄ կողմից: Ծրագրի արժեքն է 1 000 000 ԵՎՐՈ: Ծրագիրն իրականացվել է Հյուսիսային Իռլադիայի Օտարերկրյա Համագործակցություն NICO ընկերության կողմից` Լիտվայի էկոնոմիկայի նախարարությանն առընթեր ոչ պարենային ապրանքների տեսչության հետ համագործակցաբար: Ծրագրի տևողությունը կազմել է 18 ամիս:

Ծրագրի փակման միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան:

Գարեգին Մելքոնյանն իր խոսքում ընդգծել է, որ այս ոլորտում միջազգային ստանդարտների ներդրումը Հայաստանի կառավարության առաջնահերթ և խիստ կարևոր խնդիրներից է և ենթադրում է որակի ենթակառուցվածքների արդիականացում, շուկայի վերահսկողության համակարգի բարելավում, տեսչական ստուգումների ոլորտում բարեփոխումների խթանում և արդյունքում` անվտանգ շուկա և պաշտպանված սպառող: Ըստ նրա՝ այս Թվինինգ ծրագիրը վստահաբար օժանդակել է վերոնշյալ ուղղություններում հաջողություններ և էական առաջընթաց  արձանագրելուն:

Տրայան Հրիստեան իր հերթին նշել է, որ ԵՄ և Հայաստանը գտել են հայ սպառողների անվտանգության ապահովման եղանակը` ժամանակակից ազգային որակի ենթակառուցվացքի զարգացման միջոցով: Նա նաև նշել է, որ նպատակը ոչ թե շուկաների հասանելիությունն է, այլ հայկական շուկայում միայն անվտանգ ապրանքների առկայությունն է` շուկայի վերահսկողության կազմակերպման միջոցով:

Share