Բաժին. Տնտեսական

500 տոննա կարտոֆիլը Վրաստանից հետ վերադարձնելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

500 տոննա «հայկական» հիվանդ կարտոֆիլը Վրաստանից հետ վերադարձնելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ամբողջ տարվա ընթացքում հետ է վերադարձվել 220-230 տոննա, վերջին անգամ՝ 50 տոննա: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը՝ ընդգծելով, որ վերջին ժամանակներում Վրաստանի հետ համագործակցության առումով եղել են որոշ խնդիրներ:

Դրանց կարգավորման նպատակով հայկական պատվիրակությունը մեկնել է Վրաստան, հանդիպել Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարի, գյուղատնտեսության նախարարության պարենի ազգային գործակալության պետի և ոլորտի այլ պաշտոնատար անձանց հետ: Այժմ Վրաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանի վրա կատարվող գործառույթների անհամաձայնության դեպքում 2 կողմերի մասնագետների մասնակցությամբ կատարվի համապատասխան նմուշառում, և նմուշները ներկայացվեն նաև երրորդ երկրի լաբորատորիա: Բացի այդ, նախատեսվում է ստորագրել ոլորտի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Արթուր Նիկոյանը նշել է, որ կարտոֆիլը հետ վերադարձվելուց հետո մեր երկրում ևս ենթարկվել է փորձաքննության, և պարզվել է, որ կարտոֆիլը վարակված չէ «գորշ փտում» հիվանդությամբ, հետևաբար՝ Վրաստանում փորձաքննության ենթարկված կարտոֆիլը չի հանդիսանում Հայաստանից Վրաստան արտահանված կարտոֆլի նմուշը:

Արթուր Նիկոյանը տեղեկացրել է, որ Վրաստանի սահմանային հսկիչ կետերում բուսասանիտարական հսկողությունն իրականացնող տեսուչները հանդիսանում են պետեկամուտների գերատեսչության, այլ ոչ՝ բուսասանիտարական ծառայության աշխատակիցներ, այսինքն՝ նրանց միջև առկա է տեղեկատվության փոխանակման և այլ գործողությունների օպերատիվության պակաս:

Նշենք, որ Վրաստանը համարվում է մեր երկրի կարևոր առևտրային գործընկերներից մեկը, և այս տարի դեպի Վրաստան արտահանվել է շուրջ 3200 տոննա կարտոֆիլ: Նախորդ տարի արտահանվել էր 1100 տոննա:

Վրաստանի Հանրապետության հետ համագործակցության առումով Արթուր Նիկոյանը հայտնել է, որ որևէ փոփոխություն Հայաստանից Վրաստան կարտոֆիլի արտահանման գործընթացում չի եղել և շարունակվում է կարտոֆիլի արտահանումն ամեն օր:

Share