Բաժին. Տնտեսական

Հայաստանը և Իսրայելը մեկնարկել են բանակցություններ՝ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի շուրջ

Երուսաղեմում (Իսրայել) տեղի է ունեցել Հայաստանի և Իսրայելի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական համաձայնագրի կնքումը նախապատրաստելու նպատակով անցկացվող բանակցությունների առաջին փուլը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ հայկական կողմից բանակցություններին մասնակցել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները:

Պայմանագիրը նպատակ ունի երկու պետությունների միջև արտաքին առևտրում բացառել կրկնակի հարկումը, թույլ չտալ հարկային խտրականություն կողմերի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, հաստատել համագործակցություն երկու պետությունների հարկային մարմինների միջև, այդ թվում՝ հարկային հարցերով տեղեկատվության փոխանակությունը:

Պետական եկամուտների կոմիտեում վստահ են, որ Իսրայելի հետ կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա աջակցել Հայաստանի և Իսրայելի միջև ապրանքաշրջանառության ընդլայնմանը, նպաստել տնտեսական կապերի զարգացմանը:

Առաջին փուլի ժամանակ կողմերին հաջողվել է համաձայնեցնել Համաձայնագրի մեծ մասը, իսկ մնացած հոդվածները կողմերը կհամաձայնեցնեն բանակցությունների 2-րդ փուլի ընթացքում, որը տեղի կունենա Երևանում 2014 թվականին:

Share