Բաժին. Տնտեսական

Հայաստանի և Ուրուգվայի միջև կստորագրվի զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է ազգությամբ հայ՝ Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանին և Մոնտեվիդեոյի տարածաշրջանային տնտեսական զարգացման և ինտեգրման գործակալության զբոսաշրջության գծով տնօրեն Սանտիագո Րաֆֆի Ունանյանին, ովքեր 6-օրյա աշխատանքային այցով գտնվում են Հայաստանում:

էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման շրջանակներում Լիլիամ Քեշիշյանը շեշտել է, որ իրենց մտադրությունն ու այցի նպատակը մեկն է` ընդլայնել և խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը: Զբոսաշրջության և սպորտի նախարարը ներկայացրել է Ուրուգվայում զբոսաշրջության ոլորտի զարգացման քաղաքականությունը:

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն իր հերթին նշել է, որ զբոսաշրջության ոլորտը Հայաստանում բավականին դինամիկ է զարգանում: Նախարարը ներկայացրել է զբոսաշրջության ոլորտում իրականացվող քաղաքականությունը` մասնավորապես անդրադառնալով միջազգային շուկայում Հայաստանի՝ որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջավայրի երկրի նկարագրի ձևավորման և ամրապնդմանն ուղղված ծրագրին, Հայաստանի կողմից առաջարկվող զբոսաշրջային արդյունքին մրցունակության բարձրացման համար ձեռնարկվող քայլերին, ինչպես նաև  ավիացիայի ազատականացման ուղղությամբ իրականացվող օրենսդրական փոփոխություններին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարարի այցի շրջանակներում ստորագրել Հայաստանի և Ուրուգվայի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին Համաձայնագիր:

Share