Բաժին. Տնտեսական

Մեկնարկել է համաժողով՝ նվիրված Սյունիքի մարզի ներդրումային հնարավորությունների բացահայտմանը

Կապանում մեկնարկել է Սյունիքի մարզին նվիրված ներդրումային համաժողով, որի նպատակն է գործարար շրջանակներին, դոնոր կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին մարզի տնտեսության ոչ լեռնահանքային հատվածի ներդրումային հնարավորությունների ներկայացումը: Այն կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ:

Համաժողովի բացմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Իր բացման խոսքում փոխվարչապետը ողջունել է համաժողովի անցկացման նախաձեռնությունը` հույս հայտնելով, որ այն հաջողություն կարձանագրի, և հետագայում հնարավոր կլինի այդ փորձը կիրառել նաև մյուս մարզերում: Արմեն Գևորգյանը նշել է, որ Սյունիքի մարզը զարգացման մեծ ներուժ ունի, և հեռանկարային են հատկապես այն ոլորտները, որոնց վերաբերյալ քննարկումներ են ծավալվելու համաժողովի ընթացքում:

Նման համաժողով առաջին անգամ է անցկացվում, և կազմակերպիչներն ակնկալում են, որ նոր ներդրումները կօգնեն դիվերսիֆիկացնել մարզի տնտեսությունը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և եկամտի աղբյուրներ:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն, մասնավորապես, գյուղմթերքի արտադրության և վերամշակման, անասնապահության, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման հեռանկարներն ու այս ոլորտներում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Share