Բաժին. Տնտեսական

«Իտալական» Apple-ը մեղադրվում է ֆինանսական խարդախության մեջ

Ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկի՝ Apple-ի իտալական ստորաբաժանումը մեղադրվում է ֆինանսական խարդախության մեջ: Reuters-ը գրում է, որ ըստ Իտալիայի իրավապահ մարմինների՝ Apple-ը երկրի հարկային ծառայությունից թաքցրել է շուրջ 1 մլրդ եվրո: Այս հարցով արդեն իսկ սկսվել է հետաքննություն:

Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, որ Apple ընկերությունը մեղադրվում է հարկային խարդախության մեջ: Այս տարվա մայիսին ԱՄՆ-ի Սենատը հրապարակել էր զեկույց, ըստ որի՝ Իռլանդիայում գրանցված իր դուստր ընկերությունների շնորհիվ ամերիկյան Apple ընկերությանը հաջողվել է տնտեսել միլիարդավոր դոլարներ:  Զեկույցում նշվում էր, որ 2011 թվականին ընկերությունը չի վճարել մոտ 3,5 մլրդ ԱՄՆ դոլարի հարկ, իսկ 2012 թվականին՝ 9 մլրդ ԱՄՆ դոլարի հարկ: Զեկույցի հեղինակները եկել էին եզրակացության, որ Apple-ին հաջողվել է հարկերի վճարումից խուսափել օրինական ճանապարհով: Օգտվելով ամերիկյան և իռլանդական հարկային օրենսդրությունների տարբերություններից՝ Apple-ը կրճատել էր ԱՄՆ-ում հարկվող շահույթի մեծությունը:

Ընկերության ղեկավար Թիմ Կուկը հերքել էր բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ Apple-ն իր փողերը չի պահում օֆշորներում և այլ երկրներում գործող իր դուստր ընկերությունների միջոցով չի «օգտվում» ԱՄՆ հարկային օրենսդրության բացթողումներից:

Share