Բաժին. Տնտեսական

Հայաստանը պատրաստվում է նոր հայտ ներկայացնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին

Մեր երկիրը հնարավորություն ունի ևս մեկ անգամ դիմելու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին. «Հազարամյակի մարտահրավերներ»-ի գրասենյակի կայքէջում տեղադրված վերջին գնահատականների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ծրագրից օգտվելու համար նախապայման հանդիսացող ցուցանիշների մասով ստացել է դրական գնահատականներ:

Այսօրվա կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է Հայաստանին տրված այս հնարավորությանը: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ֆինանսների նախարարին՝ այս հարցը բարձրացնել Միացյալ Նահանգներում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստին, ինչպես նաև դիմել «Հազարամյակի մարտահրավերներ»-ի գրասենյակին նոր հայտով, որպեսզի մեր երկիրը հնարավորություն ունենա ստանալու նոր ֆինանսավորում:

«Իհարկե, մենք պետք է գիտակցենք, որ հավանականությունը այնքան էլ մեծ չէ, որովհետև այդ ֆինանսավորումն ստանալու հավակնություն ունեցող և դիմող երկրների թիվը բավական մեծ է, այդ ֆինանսական միջոցներից օգտվելու մրցակցությունը բավական մեծ է լինելու: Բայց մենք պարտավոր ենք օգտվել այդ հնարավորությունից», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ ԱՄՆ-ն դրական է գնահատել Հայաստանում իրականացված «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի արդյունքները և այն բնորոշել որպես արդյունավետ ծրագիր:

Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան ԱՄՆ կառավարության գործակալություն է, որի նպատակն է աջակցել զարգացող երկրներին ելնելով այն սկզբունքից, որ օժանդակությունն ավելի արդյունավետ է, երբ այն նպաստում է այնպիսի քաղաքական, տնտեսական և սոցիալական քաղաքականությանը, որը խթանում է աղքատության կրճատումը տնտեսական աճի միջոցով:

2006թ.-ի մարտի 27-ին Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան հնգամյա համաձայնագիր էր ստորագրել ՀՀ կառավարության հետ, որի նպատակն էր գյուղատնտեսական ոլորտի բարելավման միջոցով կրաճտել գյուղական աղքատությունը:

Share