Բաժին. Տնտեսական

Եվրոգոտու տնտեսությունը գրանցել է աճի տեմպի անկում

Ինչպես և վերլուծաբանները սպասում էին՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Եվրոգոտում գրանցվել է տնտեսական աճի տեմպի անկում, ինչը մեծապես պայմանավորվել է Ֆրանսիայի և Գերմանիայի տնտեսությունների աճի տեմպերի նվազմամբ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, Եվրոգոտու ՀՆԱ-ն աճել է ընդամենը 0,1%-ով: Տարեկան կտրվածքով գրանցվել է ՀՆԱ-ի 0,4% անկում:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Եվրոգոտու տնտեսությունը դուրս էր եկել ճգնաժամից, որը շարունակվում էր արդեն 6 եռամսյակ անընդմեջ:

Կանխատեսվում է, որ 2014 թվականին Եվրոգոտու ՀՆԱ-ն կաճի 1,1%-ով: Սպասվում է նաև, որ դեռևս մի քանի տարի եվրոպական տարածաշրջանում գործազրկության մակարդակը կշարունակի մնալ բարձր:

Վերլուծաբանների գնահատմամբ՝ Եվրոգոտում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից մեկը բանկային միության ստեղծում է, որը տարածաշրջանում կարող է ապահովել տնտեսական աճի կայուն հիմքեր:

Վերլուծաբանները նշում են, որ ներկայիս ճգնաժամի պայմաններում բացահայտվել են եվրոպական տարածաշրջանում առկա բանկային համակարգի մի շարք թերություններ, որոնք պահանջում են լուծում, ինչն իր հերթին ենթադրում է կենտրոնական վերահսկողության ընդհանուր կանոնների սահմանանում:

Եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների և վերլուծաբանների մի մասը կարծում է, որ բանկային միությունը պետք է ունենա երեք հիմնական բաղադրիչ`  եվրոպական բանկային վերահսկողության միասնական մարմին, սնանկացած բանկերի հետ աշխատանքը կարգավորող մարմին, ներդրողների շահերը պաշտպանող միասնական համակարգ: Պաշտոնյաների և վերլուծաբանների մի հատաված էլ վստահ է, որ Եվրոգոտու բանկային միության ստեղծման համար անհարժեշտ է ձևավորել երկու փոխկապակցված բաղադրիչ` միասնական վերահսկող մեխանիզմ և բանկերի ֆինանսական առողջացման մեխանիզմ:

Share