Բաժին. Տնտեսական

Տեղի կունենա «Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» թեմայով կոնֆերանս

Նոյեմբերի 20-ին Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի Երևան Էքսպո կենտրոնում տեղի կունենա «Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» թեմայով կոնֆերանս:

Կոնֆերանսի հիմնական նպատակն է ներկայացնել առկա ինժեներական կրթության ծրագրերը բարձր տեխնոլոգիական ընկերություններին, պետության ղեկավարությանը, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը,  միջազգային կառույցներին, կրթահամալիրների տնօրեններին: Կոնֆերանսի նպատակներից է նաև  Հայաստանի դպրոցական ինժեներական կրթության կարևորության շուրջ կոնսոլիդացնել հետաքրքրված բոլոր կողմերին: Կոնֆերանսի կազմակերպիները վստահ են, որ նման կոնսոլիդացիան անհրաժեշտ է առկա մտավոր ներուժը օգտագործելու և Հայաստանը` որպես բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու գործում:

Ենթադրվում է, որ տեխնոլոգիական ընկերությունները, ծանոթանալով առկա ծրագրերի արդյունավետությանը ապագա ինժեներներ պատրաստելու գործում, իրենց հովանու ներքո կվերցնեն մեկական դպրոցական խմբակ/լաբորատորիա, որը թույլ կտա լուծել մասնագետների ահագնացող դեֆիցիտի հարցը:

Կոնֆերանսի ընթացքում նախատեսվում է իրականացնել շնորհանդես, որի ժամանակ կցուցադրվեն «Նաիրի» կոնսորցիումի կողմից մշակված ՏՏ ուսուցման ժամանակակից մեթոդաբանության վրա հիմնված լաբորատորիայի դպրոցական կոնցեպցիան, «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագիրը, ԻՏՁՄ կողմից նախաձեռնած «Ռոբոտներն առօրյայում» մրցույթը, ինչպես նաև կամփոփվի նախապես հայտարարված կրթական անիմացիաների և խաղերի ստեղծման մրցույթը:

Share