Բաժին. Տնտեսական

Նախարարը տաքսու վարորդներին խոստացել է աշխատանքի հավասար պայմաններ

Տրանսպորտի և կապի նախարարության կողմից նախապես հայտարարված բաց դռների օրվա շրջանակներում այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է շուրջ երկու տասնյակ անհատ տաքսու վարորդների և տաքսի ծառայությունների ներկայացուցիչների:

Նախարարությունից տեղեկացնում են, որ վարորդների հիմնական մտահոգությունները կապված են եղել տեսանկարահանող սարքավորումների, կարմիր գծանշումներով կայանատեղիների, նշագծումների, ԱՊՊԱ ծառայությունների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների հետ: Գագիկ Բեգլարյանը պարզաբանել է, որ թվարկված խնդիրներից և ոչ մեկը որևէ առնչություն չունի օրենսդրությամբ նախարարությանը վերապահված գործառույթների և իրավասությունների հետ:

Մյուս բարձրացված խնդիրները առնչվել են ոլորտի բարեփոխումների օրենսդրական փաթեթին, որը օրենքով սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ ազգային ժողովի քննարկմանը: Այս կապակցությամբ նախարարը նշել է, որ բարեփոխումների ընթացքում ցանկացած փոփոխության նախարարությունը գնում է ի նպաստ տաքսու վարորդների:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բոլորը գործունեություն ծավալեն հավասար պայմաններում: Այդ նպատակն է հետապնդում նաև միատեսակ համարանիշների աստիճանաբար կիրառումը: Բարեփոխումները հնարավորություն կտան նաև էապես նվազեցնել տարբեր ծառայությունների (բժշկական, մեքենաների տեխնիկական զննության և այլն) համար վճարվող գումարները»,- նշել է նախարարը:

Վարորդները համակարծիք են եղել, որ մեկնարկած բարեփոխումների արդյունքում արդեն իսկ որոշակիորեն նվազել է ֆինանսական բեռը, հեշտացել է իրենց աշխատանքը: Նրանց մեծ մասը հանդիպման ընթացքում բարձրացրել է առավելապես անձնական բնույթի խնդիրներ, որոնցից և ոչ մեկը, նախարարության հավաստմամբ, անպատասխան չի մնացել:

Գագիկ Բեգլարյանն ընդգծել է, որ ոլորտի բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ, և նախարարության համապատասխան ներկայացուցիչները պատրաստակամ են ընդունելու ցանկացած առաջարկ, որը կնպաստի տաքսու վարորդների գործունեության պարզեցմանը և կկանխի չպարզաբանված խնդիրների անհիմն շահարկումը:

Share