Բաժին. Տնտեսական

Քննարկվել են հայ-քուվեյթյան համագործակցությանն առնչվող հարցեր

Հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը նախատեսվում է անցկացնել գալիք տարվա առաջին եռամսյակում: Այս մասին նշվել է փոխվարչապետ, Տնտեսական և տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի և Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինի հանդիպման ժամանակ:

Տարածքային կառավարման նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը գոհունակությամբ նշել են, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման առումով դրական դինամիկա է նկատվում, և 2011 թվականին Երևանում կայացած հանձնաժողովի առաջին նիստից հետո աշխուժացել են տարբեր մակարդակի շփումներն ու փոխայցելությունները:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Քուվեյթի միջև օդային ուղիղ հաղորդակցության հաստատման ուղղությամբ կատարվող քայլերին: Երկուստեք կարևորվել է ինտենսիվ աշխատանքների իրականացումը, նշվել է, որ օդային կապի առկայությունը կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանը` պայմաններ ստեղծելով արտահանման, զբոսաշրջության զարգացման համար:

Փոխվարչապետն առանձնահատուկ անդրադարձել է նաև ենթակառուցվածքների ոլորտում նախանշվող համագործակցությանը: Նշվել է, որ առաջիկայում նախատեսվում է «Քուվեյթ» հիմնադրամի պատվիրակության այցը Հայաստան` Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագրի մանրամասներին տեղում ծանոթանալու նպատակով:

Դեսպանը տեղեկացրել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ քննարկվում է Քուվեյթի Պետության կողմից Հայաստանի տուն-ինտերնատների աջակցության ծրագրի իրականացման հնարավորությունը:

Share