Բաժին. Տնտեսական

Քննարկվել է «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» ծրագրի ընթացքը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Համաշխարհային Բանկի Ինստիտուցիոնալ Զարգացման Հիմնադրամի (IDF) Դրամաշնորհի միջոցով ֆինանսավորվող «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» ծրագրի միջազգային փորձագետ Բրայան Միլթոնին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի կայուն զարգացման բաժնի գործառնությունների պատասխանատու Արուսյակ Ալավերդյանը և ՀՀ ԳՆ Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը:

Գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ սույն ծրագիրն ուղղված է սննդամթերքի անվտանգության ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Ծրագրի նպատակն է աջակցել սննդամթերքի անվտանգության ապահովման ժամանակակից համակարգի ստեղծմանը` հիմնվելով միջազգային չափանիշների և լավագույն փորձի վրա: Աջակցությունը լինելու է շարունակական, որը նաև խթան կհանդիսանա սննդամթերքի անվտանգության ոլորտում հետագա բարեփոխումների իրականացման համար:

«Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» ծրագիրը մեկնարկել է 2012թ. հոկտեմբերի 30-ին և կտևի 3 տարի:

Ծրագիրն ունի երկու ուղղություն` բաղադրիչ 1-ն իրենից ներկայացնում է սննդամթերքի անվտանգության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում, իսկ բաղադրիչ 2-ը` տեխնիկական կարողությունների զարգացում:

Հանդիպման ընթացքում ծրագրի պատասխանատուները նախարարին ներկայացրել են կատարված աշխատանքները, ծրագրի ընթացքն ու անելիքները:

Share