Բաժին. Տնտեսական

Կկազմվի Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը

Այսօր՝ նոյեմբերի 21-ին կայացած կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Մաքսային միությանն անդամակցելու մոտակա անելիքները:

Վարչապետը նշել է, որ Եվրասիական հանձնաժողովում չորս երկրների նախագահների հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել Հայաստանի Հանրապետության միացումը Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին։

Աշխատանքային խմբում ընդգրկված են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետները։ Աշխատանքային խմբի առջև խնդիր է դրված նախապատրաստել ճանապարհային քարտեզը։

«Քանի որ դեկտեմբերի 5-ին նախատեսվում է աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, մենք արդեն պետք է պատրաստ լինենք ներկայացնելու ըստ ոլորտների մեր անելիքները, մեր կարողությունները և թե ինչ ժամանակահատվածում կկարողանանք իրականացնել այս գործընթացը, որպեսզի հասցնենք դեկտեմբերին ունենալ ճանապարհային քարտեզ և այն ներկայացնել նախագահների հաստատմանը», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Share