Բաժին. Տնտեսական

Ամերիկյան Contour Global ընկերությունը Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում կիրականացնի 180 մլն դոլարի ներդրում

Վաշինգտոնում կայացել է հայ-ամերիկյան տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Նիստի շրջանակներում հայկական և ամերիկյան կողմերը քննարկել են տնտեսական կապերն առավել ամրապնդելու, առևտրաշրջանառության և ներդրումների ծավալները մեծացնելու հնարավոր ուղիները:

Երկկողմ ձևաչափով նիստի ընթացում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է մուտքի արտոնագրի ազատականացման, մասնավորապես, ԱՄՆ քաղաքացիների համար արտոնագրային ռեժիմը վերացնելու և ՀՀ քաղաքացիների համար տասը տարվա բազմակի մուտքի արտոնագիր սահմանելու հարցը:

Քննարկումների արդյունքում ամերիկյան Contour Global ընկերությունը Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում 180 միլիոն դոլարի ներդրում կատարելու պատրաստակամություն է հայտնել, որը, ըստ գնահատականների, կարող է դառնալ ամերիկյան մասնավոր հատվածից ամենախոշոր ներդրումը Հայաստանում, ինչպես նաև առաջինը մեր երկրի ճգնաժամային էներգետիկայի բնագավառում:

Նիստի մասնակիցների քննարկման օրակարգում է եղել նաև քաղաքացիական ավիացիայի ազատականացմանն ուղղված բարեփոխումների հարցը:

Կողմերը բարձր են գնահատել ամենամյա այս նիստերի աշխատանքն ու արդյունավետությունը՝ որպես երկու երկրների տնտեսական համագործակցությանն ուղղված կարևոր խթան:

Նշենք, որ նիստի աշխատանքներին մասնակցող հայկական պտավիրակությունը գլխավորել է  ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Share