Բաժին. Տնտեսական

Հայաստանը և ԱՄԷ-ն ստորագրել են մաքսային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների դաշնային մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Խալիդ Ալ Բուստանին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» երկկողմանի միջկառավարական համաձայնագիր, որը իրավական հիմք կապահովի երկու երկրների մաքսային ծառայությունների միջև անմիջական համագործակցության և շփումների համար:

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ համաձայնագիրը հնարավորություն կընձեռի իրականացնել տեղեկատվության անմիջական փոխանակում, համատեղ քայլեր մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարում, կազմակերպել փորձի փոխանակում և համատեղ ուսումնական միջոցառումներ` նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը և առևտրային հոսքերի աճին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կհամակարգի Համաձայնագրի կիրարկման հետ կապված բոլոր աշխատանքները:

Share