Բաժին. Տնտեսական

Մինչև տարեվերջ Գյումրու տեխնոպարկը կհանձնվի շահագործման

Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Գործադիրի ղեկավարը շրջայց է կատարել Գյումրու տեխնոպարկի տարածքում, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին:

Նշվել է, որ շինաշխատանքների հիմնական մասն արդեն իրականացվել է, և մինչև տարեվերջ այն կհանձնվի շահագործման:

«Այսօր Գյումրու տեխնոպարկն ամբողջությամբ հագեցած է ծրագրերով: Մի շարք միջազգային կառույցներ արդեն հայտ են ներկայացրել տեխնոպարկում գործունեություն իրականացնելու համար, այնպես որ տեխնոպարկի ծրագիրը 2014թ. ամբողջությամբ կիրականացվի: Գյումրիում տեխնոպարկի կայացման մեր խոստումները և ՏՏ ոլորտում առաջընթաց ապահովելու ծրագրերն իրականություն են դառնում: ՏՏ ոլորտի տասնյակ ձեռնարկություններ այսօր սպասում են, թե երբ ենք տեխնոպարկի շենքը հանձնելու շահագործման: Բացի այդ, տեխնոպարկի ծառայություններից կարող են օգտվել նաև երիտասարդները, այսինքն՝ այն կլինի մեծ, հզոր տեղեկատվական կենտրոն, որը լավագույնը կդառնա Հայաստանում», – լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է վարչապետը:

Share