Բաժին. Տնտեսական

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի օդային փոխադրումների շուկան խթանելու համար կսահմանվեն արտոնություններ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Վարդան Այվազյանի նախագահությամբ, քննարկվել է «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:

Զեկուցողը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից ժամանակակից քաղաքացիական օդանավեր ձեռք բերելու և դրանք ներմուծելու ժամանակ հաշվարկվող և գանձվող ավելացված արժեքի հարկի մեծությունը, որպես կանոն, լուրջ խոչընդոտ է շուկա մուտք գործելու համար և ուղղակիորեն ազդեցություն ունի ավիատոմսերի և ուղևորների սպասարկման սակագների աճի վրա, իսկ փոքր ավիացիայի համար օդանավեր ձեռք բերելու բոլոր բանակցությունները օտարերկրյա կազմակերպությունների հետ մտնում են փակուղի:

Առաջարկում է առնվազն առաջիկա հինգ տարիների համար արտոնություններ սահմանել և ավելացված արժեքի հարկ դրանք ներմուծելիս չհաշվարկել ու չգանձել:

Ենթադրվում է, որ նախագծի կիրառումը կխթանի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդային փոխադրումների շուկան և կնվազեն ուղևորային և բեռնային փոխադրումների ծառայությունների սակագները:

Նաև սպասվում է, որ արտոնությունների շարունակական կիրառումը թույլ կտա, որ Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողները շահագրգռված լինեն օդանավեր ձեռք բերելու և օդանավերի քանակը ավելացնելու համար, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար:

Հանձնաժողովը քննարկված օրինագծի վերաբերյալ դրական եզրակացություն է ներկայացրել՝ նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:

Share