Բաժին. Տնտեսական

Նոր օրենքի գործողության մոտ ութ ամսվա ընթացքում ոչ մի գործարար չի օգտվել սահմանված արտոնությունից

Գործադիրը քննարկել է «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ:

Նրանք առաջարկում են սահմանել, որ գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի 100 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 50 տոկոսի չափով` ներկայումս գործող 30 տոկոսի փոխարեն:

Նիստի մասնակիցներին տեղեկացվել է, որ օրենքի գործողության մոտ ութ ամսվա ընթացքում ոչ մի գործարար չի դիմել նշված արտոնությունից օգտվելու խնդրանքով:

Մտքերի փոխանակության ընթացքում դրա պատճառ է համարվել պատշաճ իրազեկվածության բացակայությունը:

Այս հիմնավորմամբ կառավարությունը նպատակահարմար չի համարել պատգամավորների առաջարկության ընդունումը:

Վարչապետը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է տնտեսվարողներին հասցնել օրենքով սահմանված արտոնության էությունը:

Share