Բաժին. Տնտեսական

Քննարկվել են Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել է Բելգիայի Թագավորությունում, որտեղ հանդիպում է ունեցել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ:

Հանդիպմանը քննարկվել է 2014 թվականին «Կոլումբոս» ծրագրի 3-րդ փուլի մեկնարկին, լիազորված տնտեսական օպերատորների ընտրությանը, նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ բիզնես-գործընթացների կառավարմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

ՀՄԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ նոյեմբերին Դրուսկինինկայում տեղի ունեցած ԵՄ և Արևելյան Գործընկերության մաքսային ծառայությունների ղեկավարների բարձրաստիճան համաժողովի ընթացքում կոմիտեի պատվիրակության ներկայացրած զեկույցից բավականաչափ տեղեկացված է ՀՀ մաքսային բարեփոխումների ընթացքից:

Հանդիպման ընթացքում «Մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության» համաձայնագրերից բացի քննարկվել է նաև ՀՄԿ անդամ պետությունների համագործակցության նոր ձևաչափի մշակման անհրաժեշտությունը:

ՀՄԿ գլխավոր քարտուղարն ընդունել է ՊԵԿ նախագահի հրավերը` 2014 թվականի 4-րդ եռամսյակում այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ նրա վերջին այցին հաջորդած բարեփոխումներին:

Կունիո Միկուրիան պատրաստակամություն է հայտնել մասնակցել Դիլիջանի ուսումնական կենտրոնի բացման արարողությանը, ինչպես նաև այցելել հայ-վրացական սահմանային անցման կետեր` վերակառուցման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Այցի ընթացքում վերահաստատվել է համատեղ կրթական ծրագրերի կազմակերպման, Համաշխարհային մաքսային կազմակերպության էլեկտրոնային ուսուցման մոդուլների ներդրման, սահմանների համալիր կառավարման ոլորտում համատեղ քայլերի իրականացման, ապրանքների տեղաշարժի մասին նախնական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ առաջարկությունների մշակման և մաքսային ընթացակարգերի կատարելագործման ու ներդաշնակեցման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

Share