Բաժին. Տնտեսական

Մեկ ամսում պարենային ապրանքների գներն աճել են 1.8%-ով

Նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.8% գնաճ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-22.0% գնաճ, 5-ում` 1.5-0.1% գնանկում, իսկ 2-ում պահպանվել է գների  նախորդ ամսվա մակարդակը:

Այսպես, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 7.5%, իսկ նախորդ՝ հոկտեմբեր ամսվա համեմատ` 22.0% գնաճ: Ձկնամթերքի ապրանքախմբում` համապատասխանաբար 10.2% և 3.3% գնաճ, իսկ սուրճի, թեյի և կակաոյի ապրանքախմբում՝  5.3% և 0.8% գնաճ:

Նոյեմբերին, տարեկան կտրվածքով, հանրապետությունում գրանցվել է հրուշակեղենի 7.8%, իսկ ամսական կտրվածքով՝ 0.5% գնաճ: Ձվի հանրապետական միջին գինը նոյեմբերին տարեկան կտրվածքով աճել է 30.0%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 0.1%-ով: Մսամթերքի ապրանքախմբում նոյեմբերին գրանցվել է 3.7% տարեկան գնաճ, իսկ նախորդ՝ հոկտեմբեր ամսվա համեմատ գրանցվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ:

Նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ոգելից խմիչքի և ծխախոտի գներն աճել են 0.1%-ով, կաթնամթերքինը` 0.4%-ով, իսկ ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Շաքարավազի հանրապետական միջին գինը տարեկան կտրվածքով նվազել է 16.9%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 1.5%-ով:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում տարեկան կտրվածքով գրանցվել է  6.2% գնաճ, իսկ ամսական կտրվածքով` 1.0% գնանկում: Մրգի ապրանքախմբում՝ համապատասխանաբար 1.9% գնաճ և 0.6% գնանկում:

Նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է այլ մթերքի 0.4% և  հացամթերքի 0.1% գնանկում:

Share