Բաժին. Տնտեսական

Վենեսուելայի նախագահը կվերահսկի ավտոմեքենաների շուկան

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ վերահսկողություն կսահմանվի նոր և հին ավտոմեքենաների գների վրա: Փաստաթղթի համաձայն՝ հին ավտոմեքենաների գները չեն կարող գերազանցել նոր ավտոմեքենաների գները: Խախտման դեպքում սպառնում է 6-12 տարի ազատազրկում:

Երկրի նախագահն այս հրամանագրի անհրաժեշտությունը բացատրել է օգտագործված ավտոմեքենաների շուկայում գների արհեստական աճով:

Նշենք, որ ավելի վաղ Նիկոլաս Մադուրոն համանման հրամանագրեր էր ստորագրել՝ կապված էլեկտրոնիկայի, խաղալիքների և հագուստի գների հետ:

Վենեսուելայի նախագահը վստահ է, որ իր որդեգրած այս քաղաքականությունը թույլ կտա զսպել գնաճը, որը 2012 թվականին կազմել էր 21%:

Միևնույն ժամանակ, վերլուծաբանները վստահ են, որ այս քաղաքականությունը կարող է նպաստել «սև» շուկայի զարգացմանը:

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին Վենեսուելայի խորհրդարանը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի համար սահմանել էր հատուկ լիազորություններ՝ մեկ տարի ժամկետով: Այս լիազորությունները նրան իրավունք են տալիս առանց խորհրդարանական քննարկումների օրենքի ուժ ունեցող որոշումներ կայացել:

Վենեսուելայի նախկին նախագահ Հուգո Չավեսը իր նախագահության 14 տարվա ընթացում խորհրդարանից 4 անգամ ստացել է հատուկ լիազորություններ, որոնց շնորհիվ ստորագրել է օրենքի ուժ ունեցող ավելի քան 200 հրամանագիր:

Share