Բաժին. Տնտեսական

Վարչապետ. Պետք է կարողանանք լուծել աղքատություն ծնող հիմնարար խնդիրները

ա Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստեղծման 95 և սոցիալական ծառայությունների հիմնադրման 20-ամյակներին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարության անունից շնորհավորելով ոլորտի աշխատակիցներին հոբելյանների կապակցությամբ՝ վարչապետը հիշեցրել է, որ այս բնագավառում ներգրավված հազարավոր աշխատակիցներն առնչվում են օժանդակության կարիք ունեցող քաղաքացիների ամենօրյա խնդիրներին:

«Հասկանալի է, որ դուք ամեն օր առնչվում եք այն խնդիրներին, որոնք ծառացած են մեր երկրի առջև, իհարկե առաջին հերթին նկատի ունեմ աղքատության հաղթահարման կարևորագույն խնդիրը: Այսօր մեր բնակչության մի մեծ զանգված օգնության և օժանդակության կարիք ունի, երբեմն դա արտահայտվում է ոչ թե ֆինանսական օժանդակությամբ, այլ մարդկանց հոգսն ու ցավը կիսելով: Մարդկային խոսքը, վերաբերմունքը շատ հաճախ ավելի մեծ կշիռ ունի մեր քաղաքացիների համար: Հենց այդ ճակատում է, որ դուք իրականացնում եք ձեր ամենօրյա ծանր աշխատանքը, և հենց ձեր աշխատանքով է պայմանավորված՝ խոցելի խմբերի ներկայացուցիչները գոհ կլինեն մեր կողմից մատուցվող ծառայություններից, թե ոչ: Իհարկե, իր մեծ և կարևորագույն նշանակությունն ունի նաև ֆինանսական օժանդակությունը ու մենք պարտավոր ենք օգնել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն: Պետությունն, այդ առումով, տարեցտարի ավելացնում է նաև այդ հատկացումները. պետական բյուջեի մի ահռելի մասն ուղղվում է հենց սոցիալական խնդիրների լուծմանը»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ սոցիալական ծառայության ոլորտում իրականացվել են արմատական փոփոխություններ, որոնց արդյունքում սոցիալական ծառայություններն այսօր առավել թիրախային են: Վարչապետը նշել է, որ կառավարությունը սկսել է մի քանի նոր ծրագրեր, որոնց արդյունքներն արդեն իսկ դրական են: Այդ առումով, Տիգրան Սարգսյանը հիշատակել է ինտեգրացված սոցիալական ծառայության համակարգի ներդրումը, որը քաղաքացիների համար ծառայությունները մեկ պատուհանի սկզբունքով դարձնում է հարմարավետ:

«Մենք պետք է ձեզ հետ կարողանանք սոցիալապես խոցելի ընտանիքներում լուծել աղքատություն ծնող հիմնարար խնդիրները: Կրթության բացակայությունը, կրթական մակարդակի ցածր լինելը ՀՀ-ում աղքատություն ծնող կարևորագույն պատճառներից մեկն է: Ներդրված նոր հայեցակարգով՝ ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է պատճառ դառնա, որպեսզի աղքատ ընտանիքների երեխաները զրկվեն կրթություն ստանալու հնարավորությունից: Այսուհետ բացառվելու է, որպեսզի աղքատ ընտանիքների երեխաները հնարավորություն չունենան ստանալ կրթություն: Պետությունն ամբողջությամբ ֆինանսավորելու է այդ ծախսերը: Մենք կանգնած ենք լինելու աղքատ ընտանիքների կողքին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում ներդրվելու է առնվազն 10 նոր ծրագրեր, որոնք անապահով ընտանիքներին ապահովելու են աշխատանքով: Այդ նպատակով իրականացվելու են բազմաթիվ վերապատրաստման ծրագրեր:

Տիգրան Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել սոցիալական ծառայությունների ոլորտի աշխատակիցներին՝ կատարված մեծածավալ աշխատանքների համար, և մաղթել աշխատանքային հետագա հաջողություններ:

Ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել և խրախուսվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով, շնորհակալագրով և հուշանվերներով:

Share