Բաժին. Տնտեսական

Հունաստանը հաստատել է 2014թ. բյուջեն

Հունաստանի խորհրդարանը հաստատել է երկրի 2014 թվականի բյուջեն: Նախագծին կողմ են քվեարկել 300 պատգամավորներից 153-ը:

Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարիսը բյուջեի նախագծի հաստատումից հետո նշել է, որ այն փաստում է ազգային իրական անկախության մասին. 2014 թվականին, վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ, Հունաստանն իր բյուջետային կարիքների բավարարման համար չի դիմի արտաքին աշխարհի ֆինանսական օգնությանը:  

Հունաստանի 2014 թվականի բյուջեի նախագծով 2014 թվականի համար կանխատեսվում է 0,6% տնտեսական աճ:

Նշենք նաև, որ այս տարվա համար կանխատեսվում է ՀՆԱ-ի 0,4% անկում:

Սպասվում է, որ առաջիկայում Հունաստանի 2014 թվականի բյուջեի նախագիծը կներկայացվի երկրի միջազգային վարկատուների՝ Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հաստատմանը:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի տարիներին Հունաստանը գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ: 2009 թվականին երկրի բյուջեի պակասուրդը կազմել էր շուրջ 13%, այն դեպքում, երբ Եվրամիության երկրների համար գործում է պայման՝ բյուջեի պակասուրդը սահմանել 3%-ի ցածր մակարդակում:

Բյուջեի պակասուրդի ծածկման նպատակով Հունաստանը մեկնարկել էր պետական գույքի մասնավորեցման գործընթաց, ինչպես նաև դիմել էր միջազգային վարկատուների ֆինանսական օգնությանը:

Ֆինանսական աջակցության դիմաց Հունաստանը պարտավորվել էր իրականացնել պետական հատվածի աշխատավարձերի կրճատում, կենսաթոշակային տարիքի բարձրացում, հարկերի ավելացում:

Share