Բաժին. Տնտեսական

Ամանորին ընդառաջ մանրածախ առևտրի ոլորտում ավելացել են անփաստաթուղթ ապրանքները

Նոյեմբեր ամսվա առաջին երկու տասնօրյակում օրական հայտնաբերվել է առանց փաստաթղթերի ապրանքների  առաքման կամ տեղափոխման միջինը 6 խախտում, 3-րդ տասնօրյակում` արդեն 16:

Պետական եկմաուտների կոմիտեից տեղեկացնում են, որ գրանցված ցուցանիշներից կարելի է հետևություն անել, որ Ամանորի տոներին ընդառաջ հիմնականում սննդամթերք ներմուծող և արտադրող տնտեսվարողները սկսել են մանրածախ առևտուր իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին (հատկապես շրջանառության հարկով աշխատող) անփաստաթուղթ ապրանք առաքել՝ թաքցնելով իրացման իրական ծավալները:

Այս տարվա նոյեմբերին իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 121 մլն դրամի առանց փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման 292 դեպք, արդյունքում կազմվել է 256 վարչական ակտ` մոտ 90 մլն դրամ գումարով:

Պետական եկամուտների կոմիտեից վստահեցնում են, որ խստեցվում է հսկողությունը առանց ուղեկցող փաստաթղթերի կամ սահմանված կարգի խախտումով դուրս գրված էլեկտրոնային հարկային հաշիվներով ապրանքներ առաքելու կամ տեղափոխելու դեպքերի բացահայտման ուղղությամբ: Անփաստաթուղթ ապրանքներ հայտնաբերելու նպատակով լայնածավալ միջոցառումներ կիրականացվեն մանրածախ առևտուր իրականացնող տնտեսվարողների մոտ, որոնց մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում շրջանառության հարկով հարկվողները, և ովքեր համարվում են ապրանքների առաքման, տեղափոխման  և իրացման  շղթայի վերջին օղակը:

Share