Բաժին. Տնտեսական

«Նոր Հալեպ»-ը կարող է դառնալ վերջին տարիներին կառուցված լավագույն թաղամասերից մեկը

Նոր Հալեպ թաղամասը կարող է դառնալ վերջին տարիներին կառուցված լավագույն թաղամասերից մեկը: Այնտեղ կարող է բնակվել մոտ 500 ընտանիք: Թաղամասում լինելու է լողավազան, ավտոկանգառներ, խաղահրապարակներ: Նոր Հալեպում հնարավորություն է ստեղծվելու շենքերի առաջին հարկերում տարբեր տիպի արհեստանոցներ և խանութներ ստեղծել: Սփյուռքի նախարարությունում հրավիրված հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրել է ճարտարապետ Վահե Թութունջյանը՝ ներկայացնելով Նոր Հալեպ թաղամասի ամբողջականացված հատակագիծն ու ճարտարապետական լուծումները:

Հանդիպմանը որոշվել է հանդիպում կազմակերպել նաև Հայաստան ժամանած սիրիահայերի հետ, որտեղ կքննարկվեն թաղամասի կառուցմանն առնչվող հարցեր, կտրվեն նրանց հուզող հարցերի պատասխանները:

«Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցապատման նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 5-10  երկու մուտք ունեցող չորսհարկանի բնակելի շենք և շուրջ 100 առանձնատուն: Ներկայում հաշվառվել է շուրջ 300 սիրիահայ ընտանիք, որոնք ցանկանում են բնակարան ձեռք բերել «Նոր Հալեպ» բնակելի թաղամասում:

Ծրագիրը նախատեսված է իրականացնել պետության, հովանավորների, բարերարների աջակցությամբ: Գումարի մի մասը վճարելու են սիրիահայերը:

«Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցման նպատակով առաջին նվիրատվությունն արել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանը՝ սիրիահայերին օգնելու նպատակով նվիրաբերելով 100 հազար ԱՄՆ դոլար: Բարերարներ Կարեն և Սամվել Կարապետյանները ևս պատրաստակամություն են հայտնել աջակցել այս ծրագրին:

Share