Բաժին. Տնտեսական

ԱՄՆ կառավարությունն ամբողջությամբ դուրս է եկել General Motors ընկերության կապիտալից

ԱՄՆ-ի կառավարությունն ամբողջությամբ դուրս է եկել ավտոարտադրության ոլորտում առաջատար ամերիկյան General Motors (GM) ընկերության կապիտալից՝ ամփոփելով ընկերության փրկության նպատակով ձեռքբերված արժեթղթերի փաթեթի փուլ առ փուլ վաճառքի գործընթացը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ամերիկյան տնտեսության փրկության TARP (Troubled Asset Relief Program) ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը դարձել էր GM-ի բաժնետեր՝ ընկերությանն օգնելով դուրս գալ ծանր ֆինանսական վիճակից: Հարկ է նշել, որ սա համարվում է վերջին 10 տարվա կտրվածքով երկրի արդյունաբերության ոլորտում ամենամեծ պետական «միջամտությունը»:

General Motors ընկերությունը մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ է թողարկում աշխարհի ավելի քան 30 երկրում: Ընկերությունն իր արտադրության ավտոմեքենաները վաճառում և տեխսպասարկում է իրականացնում աշխարհի շուրջ 140 երկրներում:

2012 թվականին, նախորդ տարվա համեմատ, General Motors (GM) ընկերությունը գրանցել էր համաշխարհային վաճառքի ծավալների 3% աճ: Հաշվետու մեկ տարում ընկերությունը համաշխարհային շուկայում վաճառել էր 9,23 մլն ավտոմեքենա:

GM-ի արտադրության ավտոմեքենաներն առավել մեծ պահանջարկ են վայելում ԱՄՆ-ում, Չինաստանում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում:

Share