Բաժին. Տնտեսական

Արարատի և Արմավիրի մարզերում գործող ձկնաբուծարաններում կներդրվեն ջրի խնայողական համակարգեր

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում: Նախարարն այցելել է մարզի «Էկոֆիշ Թրեյդ» և «ԻՆՏԵՐ Ա.Կ.Վ.Ա.» ձկնաբուծարաններ:

Նախարարությունից հայտնում են, որ այս ընկերությունները պատրաստակամություն են հայտնել ջրի խնայողության նպատակով ներդնել ջրի կիսափակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգեր:

Նշենք, որ նախարարին ուղեկցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հրավերով Հայաստան ժամանած գերմանական E.M.F-ի ընկերության մասնագետ Լ. Լեբուսը, ով Հայաստանի համար կարևոր է համարում ջրի կիսափակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգին անցումը:

Այցի շրջանակներում նախարարը նշել է, որ գործնական քայլեր են տարվում Արարատի և Արմավիրի մարզերում գործող ձկնաբուծարաններում ջրի խնայողական համակարգերի, մասնավորապես, կիսափակ կամ փակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգերի ներդրման ուղղությամբ:

«Այս համակարգի ներդմամբ մենք կտրուկ կնվազեցնենք ձկնաբուծության նպատակով օգտագործվող Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի պաշարները: Վերոնշյալ տեխնոլոգիան թույլ է տալիս ձկնաբուծական ավազանի ելքային ջրերի 70%-ը դարձյալ օգտագործել», – նշել է նախարարը:

Տեղեկացնենք նաև, որ գյուղնախարարության խնդրանքով հանրապետություն են ժամանել նաև «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության և դանիական «Բիոմար» ընկերության փորձագետները, որոնց աջակցությամբ մշակվել են ջրի կիսափակ համակարգի ներդրման տիպային նախագծեր:

Share