Բաժին. Տնտեսական

Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանի հարավային մարզերում զարգացնել զբոսաշրջությունը

Համաշխարհային բանկը (ՀԲ) Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության շրջանակում նախատեսվող տարածքների զարգացման ծրագրում հիմնական շեշտը դնելու է հարավային մարզերում զբոսաշրջության զարգացման վրա, ինչը ներառելու է ենթակառուցվածքների, ՓՄՁ-ների զարգացում, հնարավորություն է տալու ներդրումներ ներգրավել: Այս մասին նշվել է Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման ոլորտի ղեկավար Ահմեդ Էյվեյդայի (Ahmed Eiweida) գլխավորած պատվիրակության հետ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ունեցած հանդիպման ժամանակ: Նշվել է, որ ծրագրի նախագծի վրա ներկայումս աշխատում է ՀԲ փորձագիտական թիմը:

Տարածքային կառավարման նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը, նշելով, որ ծրագիրը համահունչ է կառավարության կողմից որդեգրված տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը՝ փոխվարչապետը կարևորել է դրա իրականացումը տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների համատեքստում:

Անդրադառնալով բաղադրիչներին` նա, մասնավորապես, առաջարկել է հարավային մարզերում զբոսաշրջային միջանցքի զարգացման ուղղությունից բացի, մյուս մարզերի համար ևս նպատակային ծրագրեր նախատեսել, որոնք կունենան կոնկրետ տարածքում զբոսաշրջության զարգացմանը նպաստող նշանակություն: Որպես օրինակ նշվել է Դիլիջան քաղաքի հատակագծի պատրաստման աշխատանքների իրականացումը, ինչը կարևոր է քաղաքի հետագա զարգացման համար:

Կողմերը քննարկել են նաև ծրագրի մեկնարկի ժամկետների, ֆինանսավորման հետ կապված հարցեր:

Share