Բաժին. Տնտեսական

Նախարար. Համաշխարհային բանկը Հայաստանի կրթական համակարգի ամենակարևոր գործընկերներից է

Համաշխարհային բանկը վերջին 20 տարվա ընթացքում լուրջ աջակցություն է  ցուցաբերել ՀՀ կրթական համակարգում սկիզբ առած փոփոխություններին: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակում Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական և Օուլուի համալսարանների կողմից կազմակերպված գիտաժողովի ժամանակ:

Նախարարը նշել է, որ  Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում մի շարք բարեփոխումներ են իրականացվել: «Մանկավարժական համալսարանի և Օուլուի համալսարանների միջև իրականցվող համագործակցային ծրագիրը, այդ շարքում հաջողվածներից է»,- նշել է նախարարը` հույս հայտնելով, որ հայ-ֆիննական համագործակցությունը կրթության ոլորտում կլինի շարունակական:

«ՀԲ-ն Հայաստանի կրթական համակարգի ամենակարևոր գործընկերներից է, որի հետ աշխատանքն արդյունավետ է եղել:  Մեզ հաջողվել է համատեղ գտնել խնդիրները, տալ համապատասխան ախտորոշում և ներգրավել  համաշխարհային լավագույն մասնագետներին` լուծման համար: Ես կարծում եմ, որ ՀԲ-ի հետ համագործակցության այս ձևաչափը շարունակելու ենք նաև հետագա տարիներին»,- նշել է նախարարը` հավելելով, որ նախապատրաստվում է ՀԲ-ի հետ նոր վարկային ծրագիր: Նախարարը նշել է, որ նոր վարկային ծրագիրը կյանքի կկոչվի 2014-18 թվականներին, նախնական բանակցային աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Share