Բաժին. Տնտեսական

Ներկայացվել է «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այցելել է «Հյուսիս-հարավ» ծրագրով կառուցվող Երևան-Աշտարակ մայրուղու այն հատվածը, որտեղ ընթանում են բետոնի տեղադրման աշխատանքները:

Նախարարությունից հայտնում են, որ շինարարները նախարարին զեկուցել են այս տեղամասում կատարվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ ճանապարհի բետոնափռումը կատարվում է սահմանված չափորոշիչներին համապատասխան: Նախարարը շինարարների ուշադրությունը բևեռել է հատկապես որակական կողմի վրա՝ նշելով, որ նախարարությունը հետամուտ է լինելու, որպեսզի դրանք կատարվեն սահմանված ժամկետներում և պահանջվող որակով:

Նշենք, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի այս հատվածն ընդգրկում է Արտաշատ-Երևան, Երևան-Աշտարակ ուղղությունները և կազմում է մոտ 60 մլն ամերիկյան դոլար:

Այժմ շինարարությունն ընթանում է ինչպես Երևան-Աշտարակ, այնպես էլ Երևան-Արտաշատ հատվածներում:

Երևան-Աշտարակ ճանապարհի աջ երթևեկելի մասում արդեն ավարտվել են ասֆալտի ծածկի հեռացման, ընդհանուր հանույթի և պաստառի աշխատանքները, իսկ բետոնափռումը, որը մեկնարկել էր սեպտեմբերի 2-ին, շարունակվում է: Աշխատանքներն իրականացվում են շաբաթը վեց օր նաև կրկնակի՝ հերթափոխով, եթե թույլ են տալիս եղանակային պայմանները:

Այսօրվա դրությամբ երկու հատվածների ճանապարհի աջակողմյան մասի մոտ 20 կմ ծածկի բետոնացման աշխատանքները մոտենում են ավարտին:

Տեխնիկական փորձարկումների արդյունքները հիմնականում բավարար են, սակայն նախքան վերջնական եզրակացություն ներկայացնելը կպահանջվի կեռնի ստուգում: Միաժամանակ ստուգման ենթակա է նաև հարթության ցուցանիշը:

Շինարարական աշխատանքներն իրականացնում է իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերությունը, իսկ ծրագրի կառավարման խորհրդատուն է բելգիական «Սաֆեջ և Էպտիսա» համատեղ ձեռնարկությունը:

Share