Բաժին. Տնտեսական

Համաշխարհային բանկը մեր երկրի համար նախապատրաստում է նոր վարկային ծրագիր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Համաշխարհային բանկի կրթության թիմին՝ առաքելության ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորությամբ:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ նոր վարկային ծրագրի մանրամասները:

Շեշտելով ՀԲ-ի աջակցությունը կրթության բարեփոխումների գործում՝  ԿԳ նախարարը նշել է, որ  վարկային նոր ծրագիրը կարևոր նշանակություն ունի բարեփոխումների շարունակականությունն ապահովելու առումով: Ա. Աշոտյանը, մասնավորապես, կարևորել է նախադպրոցական կրթության և նորարարությունների հիմնադրամի կարողությունների զարգացմանը միտված ուղղությունները: Բացի  այդ, նախարարը հատուկ ընդգծել է հանրակրթական ուսումնական ծրագրերի վերանայման խնդիրը:

Առաքելության ղեկավար Քրիստիան Աեդոն իր հերթին տեղեկացրել է, որ 2014 թվականի հունվարին նախատեսվում են համապատասխան քննարկումներ ՀԲ-ի խորհրդում, իսկ ծրագրի ներկայացումն ակնկալվում է մարտ ամսին:

Նշենք, որ նոր ծրագրով նախատեսվում է աջակցություն նախադպրոցական ոլորտում ընդգրկվածության աճին,  միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը, հիմնական կրթական ինստիտուցիոնալ կազմակերպությունների կարողությունների հզորացմանը, կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով:

Share