Բաժին. Տնտեսական

Միջին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին հնարավորություն կտրվի օգտվել հիփոթեքային վարկերից

Հայաստանում բնակարանային էներգաարդյունավետության բարձրացման և միկրովարկերի տրամադրման նպատակով Ազգային Հիփոթեքային Ընկերության և Ֆրանսիական զարգացման գործակալության միջև կնքված վարկային համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում միջին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար ֆինանսավորել 3000 հատ վարկ, որոնք ուղղված կլինեն նրանց բնակարանային պայմանների բարելավմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը: Այս մասին տեղեկացնում են Ազգային Հիփոթեքային Ընկերությունից:

Վարկերը տրամադրվելու են Ազգային Հիփոթեքային Ընկերության գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից՝ 5-ից 10 տարի ժամկետով, մինչև 2 տարի մարման արտոնյալ ժամանակաշրջանով և լինելու են 2 տեսակ՝ վարկեր ուղղված բնակարանների վերանորոգման և էներգաարդյունավերության բարձրացմանը՝ մինչև 5,5 մլն ՀՀ դրամ, և բնակարանային բարելավման միկրովարկեր՝ մինչև 2,5 մլն ՀՀ դրամ:

Ծրագրի ներքո Եվրամիության կողմից վարկառուներին կտրամադրվի դրամաշնորհ` վարկի գումարի մինչև 10 տոկոսի չափով:

Ծրագիրը ներառում է նաև տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն ինչպես Ազգային Հիփոթեքային Ընկերության, այնպես էլ ծրագրում մասնակցող բանկերի և վարկային կազմակերպությունների համար:

Ակնկալվում է, որ Ծրագրի խորհդատվական մասը կմեկնարկի 2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին, իսկ ֆինանսավորումը կսկսի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում:

Հիշեցնենք, որ «Բիզնես 24»-ն արդեն տեղեկացրել է, որ Զարգացման Ֆրանսիական գործակալության և Ազգային Հիփոթեքային Ընկերության  միջև ստորագրվել է 10 մլն եվրոյի վարկավորման համաձայնագիր: Վարկը կտրամադրվի տասներկու տարի ժամկետով:

Share