Բաժին. Տնտեսական

2014թ.-ին աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կկազմի մոտ 36 հազար դրամ

2014 թվականին աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կկազմի շուրջ 36 հազար դրամ՝ 2013 թվականի 31 հազար դրամի փոխարեն: Կառավարությունը համապատասխան փոփոխություններ է կատարել իր որոշումներից մեկում և հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 14 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար` 700 դրամ, 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 450 դրամ:

Կառավարությունից հայտնում են, որ հաջորդ տարի կաճեն նաև շարքային կազմի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին վճարվող հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի չափերը: Սպասվում է, որ այս կենսաթոշակի միիջին չափը 16 հազար 400 դրամի փոխարեն կկազմի շուրջ 17 հազար 500 դրամ:

Զինվորական կենսաթոշակի չափերի հերթական բարձրացումը նախատեսվում է 2014թ. հուլիսի 1-ից:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը ծերության սոցիալական նպաստի չափը սահմանել է 14 հազար դրամ, հաշմանդամության սոցիալական նպաստի չափը` 14 հազարից (երրորդ խումբ) մինչև 19 հազար 600 դրամ (առաջին խումբ): Թաղման նպաստի չափը սահմանվել է 200 հազար դրամ:

Share