Բաժին. Տնտեսական

ԱԳՆ դիվանագիտական դպրոցում Տիգրան Սարգսյանը հանդես է եկել դասախոսությամբ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց: Վարչապետի՝ «Հայաստանի ինտեգրումը եվրասիական տարածքում» թեմայով դասախոսությամբ եզրափակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի 2013թ. դասընթացը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Կառավարության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանն առնչվող հարցերին, մանրամասներ ներկայացրել ՀՀ կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների, ինչպես նաև հետագա քայլերի ու զարգացումների վերաբերյալ:

Դասախոսության ավարտից հետո Տիգրան Սարգսյանը պատասխանել էդիվանագիտական դպրոցի սաների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես մեր երկրի արտաքին քաղաքականության ուղղություններին, ՄՄ-ին ՀՀ անդամակցության և Եվրասիական տնտեսական տարածքում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին, այնպես էլ ներքին քաղաքականության առաջնահերթություններին՝ տարածքային համաչափ զարգացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին և այլն:

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հիմնվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2009թ. սեպտեմբերին, բացումը տեղի է ունեցել 2010թ. փետրվարի 15-ին: Դպրոցի առաջնային նպատակներն են ԱԳՆ համակարգի համար դիվանագիտական կադրերի պատրաստումը, դիվանագետների, ինչպես նաև պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումը և միջազգային հարաբերությունների ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությունը:

Share