Բաժին. Տնտեսական

Մեր երկրին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են

2013թ. հունվար-նոյեմբեր ամիսներին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 3 հազար 496,5 տոննա ապրանքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 21,5 մլրդ ՀՀ դրամ կամ 52,6 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան ուղղվող մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են մոտ 5%-ով:

Հաշվետու 11 ամսում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 21.1%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 14.0%-ը՝ Շվեյցարիային, 12.3%-ը բաժին է ընկել Գերմանիային, 10.9%-ը՝ Չինաստանին:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առավել շատ ավելացել է Գերմանիայից Հայաստան ուղղվող մարդասիրական օգնության ծավալները՝ շուրջ 2.6 անգամ: Միևնույն ժամանակ, Չինաստանն ամենաշատն է կրճատել Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները՝ ավելի քան 65%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին ստացված օգնության 49.5%-ը կազմել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 9.3%-ը`սարքեր և ապարատները, 8.8%-ը` մանածագործական իրերը, 7.5%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 8.3%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 3.6%-ը` կոշկեղենը, գլխարկները, հովանոցները, 3.0%-ը`պատրաստի սննդի արտադրանքը, 3.6%-ը` ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը, իսկ 6.4%-ը` մնացած ապրանքները:

Share