Բաժին. Տնտեսական

2013թ. «ավանդական» համակարգիչների շուկան գրանցել է 10% անկում

2013 թվականին «ավանդական» սեղանի համակարգիչների վաճառքի ծավալները կրճատվել են շուրջ 10%-ով: Gartner վերլուծական ընկերությունից հայտնում են, որ շուկայում նման մեծ անկում գրանցվում է առաջին անգամ:

Հաշվետու տարվա ընթացքում համաշխարհային շուկայում վաճառվել է 315,9 մլն անհատական համակարգիչ:

Ըստ ներկայացված տվյալների՝ 2013 թվականի միայն չորրորդ եռամսյակում համաշխարհային շուկայում իրացվել է 82,6 մլն սեղանի համակարգիչ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,9%-ով: Հատկանշական է, որ անկում գրանցվում է արդեն 6-րդ եռամսյակն անընդմեջ:

Վերլուծաբանների գնահատմամբ՝ անհատական համակարգիչների շուկայի անկումը նախ և առաջ պայմանավորված է սպառողների շրջանում սմարթֆոնների և պլանշետների պահանջարկի մեծացմամբ: Այս միտումը նկատվում է ոչ միայն զարգացած, այլև զարգացող շուկաներում:

Անհատական համակարգիչների համաշխարհային շուկայում առաջատարը չինական Lenovo ընկերությունն է՝ 18,1% շուկայական մասնաբաժնով:  Երկրորդ տեղում ամերիկյան HP-ն է՝ 16,4%:

Share