Բաժին. Տնտեսական

Եվրոպական տնտեսությունն աճում է, սակայն բավականին դանդաղ տեմպերով

Ըստ ճշգրտված տվյալների՝ 2013 թվականի երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, եվրոպական արժույթի միասնական գոտու ՀՆԱ-ն աճել է 0,1%-ով: Տարեկան կտրվածքով ՀՆԱ-ի կրճատվել է 0,4%-ով: Այս մասին հաղորդում է եվրոպական Eurostat վիճակագրական բյուրոն:

Միևնույն ժամանակ, Եվրամիությունում 2013 թվականի երրորդ եռամսյակում եռամսյակային կտրվածքով գրանցվել է 0,2% աճ, տարեկան կտրվածքով՝ 0,1% աճ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էին վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ արդեն մի քանի ամիս է Եվրոպայում գործազրկության մակարդակը պահպանվում է գրեթե նույն մակարդակում:

Նոյեմբերին Եվրոգոտում գործազրկության մակարդակը կազմել է 12,1%, իսկ Եվրամիությունում՝ 10,9%:

Գործազրկության մակարդակի առավել ցածր ցուցանիշ գրանցվել է Ավստրիայում (4,8%), Գերմանիայում (5,2%), Լյուքսեմբուրգում  (6,1%), իսկ առավել բարձր ցուցանիշ՝ Հունաստանում (27,4%) և Իսպանիայում (26,7%):

Նշենք նաև, որ վերջին ժամանակահատվածում Եվրամիության առաջատար արդյունաբերական ընկերությունների ղեկավարներին խիստ մտահոգում է եվրոպական տնտեսության մրցուանակության անկումը: Այսօր եվրոպական տնտեսությունն իր մրցունակությամբ զիջում է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ասիական մի շարք երկրների տնտեսություններին:

Եվրամիության Արդյունաբերողների Կլոր Սեղանը (European Roundtable of Industrialists, ERT), որի կազմի մեջ մտնում են Եվրոպայում 50 առաջատար արդյունաբերական ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ներկայացրել էր զեկույց՝ նվիրված եվրոպական տնտեսության մրցունակությանը:

Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ եվրոպական տնտեսության հետագա զարգացման շուրջ պահպանվում է բարձր անորոշություն. կան մի շարք գործոններ, որոնք առիթ են տալիս լուրջ մտահոգության: Որպես առավել կարևոր գործոն նշվել է եվրոպական համընդհանուր էներգետիկ քաղաքականության բացակայությունը, երիտասարդների շրջանում աճող գործազրկությունը, Եվրոպայում նոր բիզնես բացելու համար պահանջվող գումարի բարձր մակարդակը:

Եվրոպայում նոր բիզնես բացելու համար անհրաժեշտ նվազագույն գումարը շուրջ երկու անգամ ավելի է, քան նույն ցուցանիշն ԱՄՆ-ում, շուրջ վեց անգամ ավելի, քան Կանադայում, և մոտ 10 անգամ ավելի, քան Չինաստանում:

Զեկույցի հեղինակները նաև հաշվարկել էին, որ վերջին ճգնաժամի պատճառով եվրոպական տնտեսությունը կրել է շուրջ 2 տրիլիոն եվրոյի վնաս:

Share