Բաժին. Տնտեսական

Այսուհետ ոչ թե «ՀայՌուսգազարդ», այլ «Գազպրոմ Արմենիա»

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը կվերանվանվի «Գազպրոմ Արմենիա»: Սա «ՀայՌուսգազարդ»-ի 20% բաժնետոմսը «Գազպրոմ»-ին փոխանցելու արդյունքն է:

Հիշեցնենք,  որ երեկ՝ հունվարի 16-ին, «Գազպրոմ» ընկերության կենտրոնական գրասենյակում Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կնքել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 20% բաժնետոմսի առուվաճառքի պայմանագիրը՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջպետական համաձայնագրի զարգացման շրջանակում: Այսպիսով, «Գազպրոմ»-ը ավելացրել է իր բաժնեմասը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում մինչև 100%:

«Գազպրոմ» ընկերության Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, մեկնաբանելով «Գազպրոմ»-ի կողմից «ՀայՌուսգազարդ» ընկերության 20% բաժնետոմսի գնման պայմանագիրը, նշել է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը եղել է և մնալու է Հայաստանի հուսալի գործընկերը:

«Այս գործարքն ամբողջությամբ համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության ոգուն: «Գազպրոմ»-ը երկար տարիներ հաջողությամբ համագործակցում է հայ գործընկերների հետ տարբեր ուղղություններով», – ասել է Ալեքսեյ Միլլերը:

Share