Բաժին. Տնտեսական

Բացահայտվել են չարաշահումներ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» և «Հղիության և ծննդաբերության նպաստ» պետական ծրագրերում

2013 թվականի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը ուսումնասիրել է ՀՀ պետական բյուջեի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» և «Հղիության և ծննդաբերության նպաստ» ծրագրերով կատարված ծախսերը և այս ուղղությամբ բացահայտել մի շարք չարաշահումներ:

Նշենք, որ ժամանակավոր անաշխատունակության, այսինքն՝ հիվանդության դեպքում, կամ հղիության և ծննդաբերության դեպքում նպաստը` բյուլետենի գումարը, վճարվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման» կարգով: Որպեսզի պետությունը այդ նպաստի գումարները փոխհատուցի` տնտեսվարող սուբյեկտը Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) համապատասխան հաստատված ձևով հաշվետվություն է ներկայացնում վարձու աշխատողների եկամտի չափի, պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի և անաշխատունակության` բյուլետենի գումարի վերաբերյալ: Այնուհետև ՊԵԿ-ը, հաշվետվություններից դուրս բերելով պետությունից փոխհատուցման ենթակա բյուլետենի և պետությանը վճարման ենթակա եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկատվությունը, այն ներկայացնում է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայություն: ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը, ՊԵԿ-ից ստանալով պետությունից փոխհատուցման ենթակա բյուլետենի գումարների վերաբերյալ տեղեկատվությունը, նշված գումարի չափով ՀՀ պետական բյուջեի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» և «Հղիության և ծննդաբերության նպաստ» ծրագրերով կատարում է վճարում:

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունում և Պետական եկամուտների կոմիտեում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ ՊԵԿ-ի կողմից խախտվել են ՀՀ կառավարության 14.07.2011թ. թիվ 1024-Ն որոշմամբ հաստատված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման» կարգի պահանջները և Սոցիալական ծառայությանը ներկայացրած գումարների վճարման հայտերում ՀՀ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա բյուլետենների գումարներում ներառվել են նաև գործատուների միջոցների հաշվին վճարված նպաստների գումարները: Արդյունքում, 2013թ. հունվար-հունիս ամիսների համար կոմիտեի կողմից ծառայությանը ներկայացված «Հղիության և ծննդաբերության նպաստ» և «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» ծրագրերով փոխհատուցման ենթակա գումարներն ավելի է ներկայացվել 584.7 մլն. դրամով:

Ընտրանքային կարգով ուսումնասիրություններ են իրականացվել ՊԵԿ-ի 19 հարկային տեսչություններում, որոնց արդյունքում բացահայտվել են դեպքեր, երբ՝

• գործատուն վարձու աշխատողին աշխատանքի է ընդունել հղիության 6-րդ ամսին, աշխատողը ընդամենը մեկ ամիս աշխատելուց հետո նեկայացրել է Ժամանակավոր անաշխատունակության թերթիկ` բյուլետեն և այլևս չի գնացել աշխատանքի` արդյունքում պետությունից ստանալով 150 կամ 220 հազար դրամից ավել նպաստի գումար:

• նպաստառուն աշխատել է համատեղության կարգով 2 իրար հետ փոխկապակցված տնտեսվարող կազմակերպություններում, ընդ որում 1-ինում նա աշխատել է օրվա ժամը 9:30-ից մինչև 18:30-ը, իսկ երկրորդում` 17:30-ից մինչև 21:30-ը: 1-ին կազմակերպությունից նա ստացել է կազմակերպության աշխատակիցների միջին ամսական եկամտից 1.6 անգամ ավել եկամուտ, իսկ 2-րդ-ից` 2.3 անգամ ավել եկամուտ: Այս պայմաններում վարձու աշխատողը նեկայացրել է Ժամանակավոր անաշխատունակության` հղիության թերթիկ և 2 կազմակերպություններում համատեղելու արդյունքում հաշվարկվել և նրան վճարվել է 2 մլն 565 հազար դրամի նպաստ / 1-ից` 1 մլն 139 հազար դրամի, 2-րդից` 1 մլն 426 հազար դրամի/:

• անձը աշխատանքի ընդունվելուց հետո 1-ին տարվա ընթացքում 65 հազ. դրամից ավել ամսական եկամուտ չի ունեցել, հաջորդ տարվա մեջ նրա ամսական աշխատավարձը լրավճարների հետ չի գերազանցել 174.6 հազ. դրամը, սակայն նա այդ տարի ստացել է 2 մլն 835 հազար դրամ պարգևատրում /4 կեսից բաղկացած/ և արդյունքում նրա հղիության նպաստի գումարը կազմել է կլորիկ թիվ` 2 մլն 32 հազար դրամ: Ավելին՝ այս նույն անձը համատեղության կարգով աշխատել է այլ կազմակերպությունում, ստացել է 303.5 հազար դրամ: Այս կազմակերպությունից նրան վճարվել է պետության հաշվին 1 մլն 237 հազար դրամ հղիության նպաստ: Պարզվել է նաև, որ նրան փոխարինող անձի համար սահմանվել է 187.5 հազար դրամ աշխատավարձ:

Պարզվել է նաև, որ ավելի քան 170 գործատու 2013թ հունվար-մայիս ամիսներին «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» ծրագրով` գործատուի միջոցների հաշվին վճարման ենթակա նպաստի գումարները ներկայացրել է որպես ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարման ենթակա նպաստների գումար:

Վերոգրյալ փաստերը լրացուցիչ քննության ենթարկելու նպատակով ուսումնասիրությունների նյութերը` բաղկացած 338 թերթից, ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Share