Բաժին. Տնտեսական

«Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքի բնակիչների համար կկառուցվեն նոր բնակելի շենքեր

Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2014թ.-ի գերակա խնդիրներից է լինելու «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերին և նույն տարածքի նախկին հանրակացարաններում փաստացի բնակվող բնակիչներին նոր բնակարաններով ապահովումը: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում նշել է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը՝ ընդգծելով, որ ըստ այդմ, Մալաթիա-Սեբաստիա համայնքում կկառուցվեն նոր բնակելի շենքեր: Ըստ Ա.Մովսեսյանի` 176 ընտանիքի համար նոր բազմաբնակարան շենքերի կառուցման նպատակով կներդրվի 4 մլն դոլար:

«Բանակցությունների ընթացքում բոլոր քաղաքացիները, բնակիչները կողմ են եղել տեղափոխմանը, առաջարկվող պայմանները շատ ավելի լավն են, քան այսօր իրենք ունեն, առնվազն 20-25 տոկոսով ավելի բնակարանային տարածք են իրենք ստանալու»,- նշել է Ա.Մովսեսյանը:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաջորդ գերակա խնդիրը լինելու է կոմերցիոն օդաչուների պատրաստումը: Նախատեսվում է ավարտին հասցնել «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության օդաչու-ուսանողների թռիչքային պրակտիկան, ինչի արդյունքում օդաչուները կունենան ավիացիոն միջազգային կազմակերպությունների պահանջներին համապատասխան որակավորում:

Share