Բաժին. Տնտեսական

Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի երկու հոդվածների կիրառումը

Սահմանադրական դատարանը որոշել է մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն) գործողությունը:

Սահմանադրական դատարանի Մամուլի ծառայության տարածած հայտարարության համաձայն՝ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նշենք, որ այս գործով դատաքննությունը կայանալու է մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականությունը քննելու հայցով Սահմանադրական դատարան էին դիմել Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունները՝ Հայ ազգային կոնգրեսը, Ժառանգությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և Բարգավաճ Հայաստանը։

Share