Բաժին. Տնտեսական

Սամվել Կարապետյանը բացահայտել է «Տաշիր» խմբի բիզնես-հաջողությունների գաղտնիքը

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել ռուսական РБК ամսագրին: Հարցազրույցի ժամանակ նա խոսել է, մասնավորապես, «Տաշիր» խմբի հաջողությունների մասին և պարզաբանել, թե ինչպես է հաջողվել խուսափել վերջին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունից և անգամ ճգնաժամի պայմաններում ապահվել բիզնեսի զարգացում:

Վերջին 10 տարվա ընթացքում իր առաջին հարցազրույցի ժամանակ Սամվել Կարապետյանը նշել է, որ վերջին ֆինանսական ճգնաժամը դրական ազդեցություն է թողել «Տաշիր» խմբի գործունեության վրա. «Ճգնաժամը մենք դիմավորեցինք շատ լավ վարկանիշով: Փոխառու միջոցները չէին հասնում կրիտիկական մակարդակի: Սա թույլ տվեց «Տաշիր» խմբին լինել հանգիստ: Ճգնաժամի տարիներին աճեց բանկերի հետաքրքրվածությունը մեր նկատմամբ: Երբ այլ ընկերություններ փոխառություն էին վերցնում 19-20%-ով, մենք վարկ էինք ստանում 6%-ով»:

Սամվել Կարապետյանը հարցազրույցի ժամանակ հաստատել է, որ «Տաշիր» խմբի հաջողություններն ինչ-որ չափով պայմանավորված են հայկական Սփյուռքի աջակցությամբ, նաև «Գազպրոմ» ընկերության հետ ունեցած «բարեկամական հարաբերություններով», սակայն «Գազպրոմ»-ի դերը, ըստ Սամվել Կարապետյանի, պետք չէ գերագնահատել:

Նա նաև նշել է, որ համաձայն չէ, որ ընտանեկան բիզնեսի սկզբունքը անպայման տանում է ձախողման. «20 տարվա ընթացքում իմ բարեկամներից ոչ մեկն ինձ չի հիասթափեցրել: Չի եղել անգամ մի դեպք, երբ որևէ հայ ինձ հիասթափեցնի»:

Նշենք, որ ճգնաժամի տարիներին «Տաշիր» ընկերությունների խմբին հաջողվել է շուրջ երկու անգամ ընդլայնել բիզնեսի ծավալները և նոր ծրագրեր մեկնարկել մանրածախ առևտրի, սննդի և էներգետիկայի ոլորտներում: Վերջին 6 տարվա ընթացքում «Տաշիր» խմբի եկամուտներն աճել են շուրջ 4 անգամ: Խմբի եկամուտների շուրջ 50%-ը բաժին է ընկնում մանրածախ առևտրի ոլորտին: «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ մտնում է շուրջ 200 ընկերություն:

Share