Բաժին. Տնտեսական

Հիմնանորոգումից հետո բացվել է Հրազդանի տարածքային հարկային տեսչության վարչական շենքը

Այսօր՝ փետրվարի 1-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Հրազդանի տարածքային հարկային տեսչության բացման պաշտոնական արարողությունը: Բացմանը ներկա է գտնվել նաև Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ծանոթացել է տեսչության վարչական շենքում իրականացված հիմնանորոգման աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների մասին, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով:

Պատասխանատուների հավաստմամբ, կատարված աշխատանքների արդյունքում, մարզկենտրոնում տեղակայված տեսչությունը հարկ վճարողների սպասարկման ժամանակակից կենտրոնի միջոցով սպասարկումն իրականացնում է վերջին տարիներին ձևավորված արդի չափանիշներին համապատասխան: Նոր շենքն ապահովված է ՊԵԿ միասնական ցանցին միացված էլեկտրոնային կապուղիներով, ինչը հնարավորություն է տալիս օգտվել «Հարկատու 3» համակարգում առկա տեղեկատվական շտեմարանից, այդ թվում` երրորդ անձանցից ստացված տեղեկություններից:

Նշվել է, որ Հրազդանի տարածքային հարկային տեսչությունն սպասարկում է Հրազդանի և Չարենցավանի վարչական տարածքները, որը ներառում է 17 համայնք, այդ թվում` տարածաշրջանի երեք քաղաքները` Հրազդանը, Չարենցավանը և Ծաղկաձորը:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է, որ հարկային և մաքսային բարեփոխումների շրջանակներում աշխատանքային պայմանների բարելավման և միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու նպատակով Երևանում և մարզերում շահագործվել են տարածքային հարկային տեսչությունների 17 վարչական նոր շենքեր, այդ թվում՝ Հրազդանի և Աշտարակի ՏՀՏ-ների վարչական նոր շենքերը: Առաջիկա մեկ-երկու տարում Կապանում, Իջևանում, Արմավիրում և Մասիսում վարչական նոր շենքերի շահագործմամբ, ըստ ՊԵԿ նախագահի, կավարտվի Պետական եկամուտների կոմիտեի հարկային մասով վարչական շենքերի արդիականացման ծրագիրը:

Share