Բաժին. Տնտեսական

Նախարար. Մաքսային միությանն անդամակցելը չի հանգեցնի աննախադեպ գնաճի

Մամուլում շրջանառվող գնահատականները, ըստ որոնց՝ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում հսկայական ինֆլացիա է լինելու, իրականությանը չի համապատասխանում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

«Ընդհանրապես այդպես չի կարող լինել, մեր գնահատականները շատ հստակ են, դրանք արվել են շատ վաղուց` շուրջ 6-7 ամիս առաջ, առավելագույն ինֆլացիոն ճնշումը կարող է հասնել 1.5 տոկոսի, և դրանից ավելի բարձր ինֆլացիա մենք չենք կարող ունենալ: Մենք ունենք ապրանքախմբեր, որոնց հարցով ՀՀ-ն դիմելու է Մաքսային միությանը, որպեսզի մեզ բացառություն արվի», – ասել է նախարարը՝ հավելելով. «Մենք փորձում ենք առավելագույնս լուսաբանել այդ հարցը, կարծում ենք, որ ճիշտ է, որպեսզի հասարակության բոլոր խավերը ծանոթ լինեն դրան, հատկապես գործարարները: Այս իրարանցումն առաջացել է հենց դրանից, որ մենք անընդհատ շատ ավելի բաց ինֆորմացիա ենք ներկայացնում, գործարարների հետ մանրամասն քննարկում ենք բոլոր ապրանքախմբերը: Այդ տեղեկությունն օգտագործվում է, փաստորեն, որպեսզի ուղղակի սրվի իրավիճակը: Դա ավելի շատ, կարծում եմ, մամուլի ուղղակի սենսացիա ներկայացնելու խնդիր է: Կարծում եմ, ճիշտ է, որ մենք շարունակենք մեր աշխատանքը և հասարակությանը հրապարակային ներկայացնենք ամբողջ ցանկը: Հույս ունեմ, որ մենք արդեն վաղը այդ բացառությունների ցանկը կավարտենք և կուղարկենք Մաքսային միություն, որպեսզի սկսենք բանակցությունները»:

Share