Բաժին. Տնտեսական

Ասիական զարգացման բանկը կմշակի Դիլիջանի զարգացման ծրագիրը

Հայաստանում Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի և զարգացման ծրագրի մշակման աշխատանքները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ADB) պատվիրակությանը` ծրագրի ներկայացուցիչ Սեզար Լոուրենսի գլխավորությամբ:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկայացնելով ծրագիրը՝ Սեզար Լոուրենսը նշել է, որ կազմելու են չորս` Դիլիջան, Ջերմուկ, Վանաձոր եւ Գյումրի քաղաքաների գլխավոր հատակագծերը: Աշխատանքների  համար դեռեւս սեպտեմբերին ձեւավորվել է տեխնիկական աջակցության խումբ, որը կատարում է տվյալների հավաքագրում: Այդ աշխատանքների կատարման եւ խնդիրների քննարկման նպատակով աշխատանքային խումբը հանդիպումներ է ունենում շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ: «Այժմ արդեն սկսվել են Դիլիջանի զարգացման պլանի մշակման աշխատանքները, որն ապրիլին պատրաստ կլինի»,- նշեց ծրագրի ներկայացուցիչ Սեզար Լոուրենսը:

Ռուզան Ալավերդյանը նշել է, որ գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքների գործընթացը հաստատված է ՀՀ կառավարության որոշումներով եւ նոր նախագծերի մշակումը եւս պետք է անցնի նախատեսված բոլոր ընթացակարգերը:  Կարեւորելով  մեր հանրապետությունում կատարվող ADB-ի ծրագրերը` Ռուզան Ալավերդյանն առաջարկել է պարբերաբար կազմակերպել հանդիպումներ եւ փուլային քննարկումների արդյունքում իրականացնել բանկի նախաձեռնած ծրագիրը:

Share