Բաժին. Տնտեսական

Եռակողմ համագործակցություն՝ ուղղված Հայաստանում դեղագործական ոլորտի զարգացմանը

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի, «Ազադ Ֆարմասյութիքլ Ինգրեդիենթս AG» շվեյցարական ընկերության և Զարգացման հայկական գործակալության միջև ստորագրվել է եռակողմ համագործակցության հուշագիր:

Զարգացման հայկական գործակալությունից հայտնում են, որ փոխըմբռնման հուշագրի նպատակն է նպաստել Հայաստանում դեղագործական ոլորտի զարգացմանը, ընդլայնել դեղագործական ոլորտում նորարարությունների կիրառումը, աջակցել դեղագործական ոլորտների մասնագետների վերապատրաստմանը, Հայաստանում հիմնել դեղահումքի սինթեզման լաբորատորիա և պիլոտային արտադրություն:

Կողմերից յուրաքանչյուրը մտադիր է ընդհանուր նպատակների իրագործման համար իրականացնել հետևյալը.

– Կենտրոնը ծրագրի իրականացման նպատակով տրամադրում է շվեյցարական ընկերությանը լաբորատոր տարածք` հետազոտություններ անցկացնելու նպատակով, աջակցում է ընկերությանը մասնագետների ընտրության գործընթացում, ընկերության հետ համատեղ կարող է իրականացնել հետազոտություններ, կարող է տրամադրել մասնագետներ և սարքավորումներ:

– «Ազադ Ֆարմասյութիքլ Ինգրեդիենթս  AG» ընկերություն ծրագրի իրականացման նպատակով իրականացնում է լաբորատոր տարածքի անհրաժեշտ վերանորոգում, իրականացնում է լաբորատոր տարածքի վերազինում և պիլոտային ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն, ներկայացնում է առաջարկներ Կենտրոնի կողմից իրականացվող պիլոտային ծրագրի համար նախատեսված տարածքի շինարարության վերաբերյալ՝ հաշվի առնելով գործող միջազգային ստանդարտները, հավաքագրում և դիտարկում է Կենտրոնի կողմից արտադրվող դեղերի և դեղահումքի արտադրության հնարավորությունը՝ ընկերության բազայի հիման վրա:

– Զարգացման հայկական գործակալությունը ծրագրի իրականացման նպատակով աջակցում է ընկերությանը և Կենտրոնին իր ներուժով՝ տրամադրելով իրավաբանական, կազմակերպչական և այլ խորհրդատվություն, ներկայացնում և պաշտպանում է ծրագիրը ՀՀ պետական մարմիններում, աջակցում է պիլոտային ծրագրի իրագործելիության ուսումնասիրման աշխատանքներին, ներկայացնում է կողմերին պետական հնարավոր աջակցության ձևաչափերը և գործընթացները:

Նշենք նաև, որ հուշագիրը ստորագրել են «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի տնօրեն Վիգեն Թոփուզյանը, «Ազադ Ֆարմասյութիքլ Ինգրեդիենթս AG» շվեյցարական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Միհրան Բարոնյանը և Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը

Share