Բաժին. Տնտեսական

Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության քննարկումներում դրույքաչափերի հարցը շարունակում է մնալ առաջնային

Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը, ի թիվս մի շարք այլ փոփոխությունների, ենթադրում է նաև, որ երրորդ երկրներից կատարվող ներմուծումների ժամանակ Հայաստանը պետք է կիրառի մաքսային միությունում երրորդ երկրների նկատմամբ գործող մաքսատուրքրերի միասնական դրույքաչափերը:

Նշենք, որ Մաքսային Միության միասնական մաքսային տարածք երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը սահմանված են Մաքսային միության Միասնական Մաքսային օրենսգրքով, որը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի կողմից: Որպես այս օրենսգրքի հիմք ընդունված է Ռուսաստանի Դաշնության Մաքսային օրենսգիրքը:

Մաքսային Միությունում ներկա պահին գործող մաքսատուրքերի դրույքաչափերի զգալի մասը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող մաքսատուրքերի դրույքաչափերին: Կան նաև որոշ ապրանքատեսակներ, որոնք ունեն մաքսատուրքերի հավասար կամ ցածր դրույքաչափեր ի տարբերություն Հայաստանի: ՄՄ-ում որոշ ապրանքների համար գործում են նաև սակագնային քվոտաներ:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների պարզաբանմամբ` Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության առաջնային քննարկումներում դրույքաչափերի հարցը բազմիցս քննարկվել է, և ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանը, անդամակցությունից հետո նույնպես, որոշ ապրանքների մասով երրորդ երկրներից Հայաստան ներմուծման ժամանակ այնուամենայնիվ կշարունակի կիրառել իր գործող մաքսատուրքերի դրույքաչափերը /բացառություններ կամ մասհանումներ/:

Այս պայմանավորվածությունը համապատասխանորեն ներառվել է նաև Ճանապարհային Քարտեզի մեջ:

Բացառությունների ենթակա ապրանքների ցանկը, բացառությունների կիրառման տևողության և այլ հարցերին առնչվող մանրամասները ենթակա են բանակցելու և համաձայնեցնելու Մաքսային Միության համապատասխան կառույցների հետ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից այս ապրանքացանկի մշակման առաջնային աշխատանքներից հետո այն ներկայացվել է ՀՀ մասնավոր հատվածի քննարկմանը` ինչպես գործարարության աջակցությամբ զբաղվող պետական և ոչ պետական կառույցների, այնպես էլ մասնավոր բիզնեսի մակարդակով: Ներքին քննարկումների ամփոփումից հետո ցանկը կներկայացվի Մաքսային Միության համապատասխան մարմիններին` հարցը ուսումնասիրելու և բանակցությունը սկսելու նպատակով:

Share