Բաժին. Տնտեսական

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Վորլդ Վիժնը կհամագործակցեն ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ

Այսօր՝ փետրվարի 21-ին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Վորլդ Վիժն հայաստանյան գրասենյակը ստորագրել են փոխըմբռնման համաձայնագիր, որի նպատակն է աջակցել Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի ամրապնդմանը: Համաձայնագրի շրջանակներում գործընկերները կհամապատասխանեցնեն իրենց մոտեցումները մի շարք հարցերի շուրջ, որը կներառի երեխաների խնամքը, գիշերօթիկ խնամքի հաստատությունների վերակազմակերպումը համայնքային ծառայությունների, մոր և մանկան առողջության խնամքը, ինչպես նաև Հայաստանում ներառական կրթության համակարգի զարգացումը, աղետների ռիսկերի նվազեցումն ու հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ դրական վերաբերմունքի խթանումը:

«Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության հարցը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացրած կարևորագույն ծրագրերի կիզակետում էր սկսած 1994թ.: Շատ կարևոր է արձագանքել այս ոլորտին և պաշտպանիչ միջավայր ստեղծել երեխաների համար, ոչ միայն բռնությունն ու չարաշահումը կանխարգելելու և դրան արձագանքելու նպատակով, այլ նաև սոցիալական արդարությունն ու հավասարությունը խթանելու առումով, հատկապես երբ խոսքը գնում է առավել խոցելի խմբերի մասին»,-նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տկն. Հենրիետ Արենսը:

«Մեր հիմնական մտահոգությունը այն մի քանի հազարավոր երեխաներն են, որոնք մեծանում են խնամքի հաստատություններում, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ իրենց զարգացման վրա: Մենք համատեղ աշխատում ենք բոլոր երեխաների համար ներառական միջավայր ստեղծելու ուղղությամբ, որպեսզի նրանք մեծանան ընտանեկան միջավայրում և հավասարապես օգտվեն կրթության և այլ համայնքահեն ծառայություններից»:

Գալիք երեք տարիներին գործընկերները նաև կարձագանքեն Հայաստանում ինտեգրված սոցիալական ծառայությունների բարեփոխմանը և կաշխատեն ընտանիքի աջակցության և փոխարինման (այլընտրանքային) ծառայությունների ընդլայնման ուղղությամբ՝ աստիճանաբար վերացնելով գիշերօթիկ խնամքի հաստատությունները: Քայլեր կձեռնարկվեն նաև համայնքային մակարդակում վճարովի սոցիալական աշխատողների ինստիտուտի ներդրման, ինչպես նաև դպրոցներում աղետների ռիսկերի նվազեցման ու դրանց դեմ պատրաստվածության ծրագրերին աջակցելու ուղղությամբ:

«Երեխաների իրավունքների պաշտպանությունը հատկապես կարևոր է հաշմանդամություն ունեցող երեխաների համար, որոնք անթիվ անհամար խնդիրների առաջ են կանգնում իրենց ամենօրյա կյանքում», նշեց Հենրիետ Արենսը: «Չնայած Հայաստանը նշանակալից առաջընթաց է գրանցել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության հարցում, այսուհանդերձ դեռևս բարելավելու շատ բան կան»:

2012թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Խոսքը ներառման մասին է» զեկույցի համաձայն՝ հազարավոր հատուկ կարիքներով երեխաներ դեռևս մեկուսացված են իրենց ընտանիքներից, հասակակիցներից և համայնքներից: Շատերը չեն հաճախում նախակրթարան կամ դպրոց և կանգ են առնում աղքատության և խտրականության առջև: Քանի որ բոլոր այս հարցերը սերտ համագործակցություն են պահանջում գործընկերների միջև, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Վորլդ Վիժնի հայաստանյան գրասենյակը համատեղ կաշխատեն երեխաների պաշտպանության ոլորտում համայնքային, մարզային և ազգային մակարդակներում ֆորմալ և ոչ ֆորմալ դերակատարների միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ:

Share