Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ն կշարունակի կրճատել «քանակական մեղմացման» ծրագրի ծավալները

ԱՄՆ Դաշնային պահուստային  համակարգը կշարունակի կրճատել հետ գնվող պարտատոմսերի ծավալները, չնայած այն բանին, որ ամերիկյան տնտեսության վերականգնման գործընթացը փոքր-ինչ դանդաղել է: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը՝ վերահաստատելով, որ ԱՄՆ-ի կառավարությունը մտադիր է պահպանել դրամավարկային քաղաքականության մասով որդեգրած ուղղությունը: Սպասվում է, որ 2014 թվականին ԱՄՆ-ն աստիճանաբար կդադարեցնի «քաղաքական մեղմացման» ծրագիրը՝ փուլ առ փուլ կրճատելով պարտատոմսերի հետգնման ծավալները:

Ջանեթ Յելենը հաստատել է նաև, որ հաշվարկային տոկոսադրույքը դեռևս երկար ժամանակ կպահպանվի 0-0,25% մակարդակում:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Ջանեթ Յելենը պաշտոնապես ստանձնել էր ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնը՝ փոխարինելով Բեն Բերնանկեին: Վերջինս ամերիկյան կենտրոնական բանկը ղեկավարում էր 2006 թվականից:

Ջանեթ Յելենի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Հետագայում նրա թեկնածությունը հաստատել էր ԱՄՆ Սենատը:

Սպասվում է, որ Ջանեթ Յելենն ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2018 թվականի փետրվարի 1-ը:

67-ամյա Ջանեթ Յելենը Դաշնային պահուստային համակարգում աշխատում է 1977 թվականից:

Share