Բաժին. Տնտեսական

Քննարկվել են հայ-եվրոպական գործարար կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

Առևտրաարդյունաբերական պալատը Հայաստանում «Արևելյան ներդրումներ» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր ներդրումային համաժողով, որը նպատակամիտված էր ամրապնդելու եվրոպական և հայկական ձեռնարկությունների, ինչպես նաև գործարարությանն աջակցող կազմակերպությունների միջև համագործակցությունը: Համաժողովի ընթացքում կողմերը հնարավորություն են ունեցել քննարկելու կոնկրետ ներդրումային ծրագրեր։

Համաժողովին բացման խոսքով և ելույթով հանդես են եկել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Մանուկյանը, Կառավարության անունից կոնֆերանսի մասնակիցներին ողջունել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը, Հայաստանում ԵՄ անունից՝ առևտրի և մասնավոր հատվածի զարգացման ղեկավար Լյուդովիկ Միչանովսկին,Եվրոպալատի կողմից՝ միջազգային հարցերով խորհրդատու Բիրգիտ Արենսը և Զարգացման հայկական գործակալության կողմից՝ տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։

Համաժողովի շրջանակներում ԵՄ և Հայաստանի համապատասխան փորձագետները ներկայացրել են Հայաստանի ներդրումային և գործարար մթնոլորտը, ազատ տնտեսական գոտու հնարավորությունները, արդյունաբերական գերակա ճյուղերը, ինչպես նաև արդյունաբերության քաղաքականության հիմնական տրենդները։ Մասնակցությունը բաց է նաև եվրոպական ընկերությունների այն ներկայացուցիչների համար, ովքեր ցանկանում են աշխատել հայկական շուկայում։

Share